Աղբիւր՝ www.yerkir.am

Բուլղարիայի  Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների  թիմեր` աւելի քան  320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկեան եւ Սլաւոնական համալսարանների  թիմերը: Օլիմպիադան անցկացւել է  եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշւարկներով: Երեւանի պետական համալսարանը ներկայացւել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը` Ալբերտ Գէորգեանը եւ Ալբերտ Սահակեանն արժանացել են ոսկէ մեդալների, Վազգէն Միքայէլեանը` արծաթէ մեդալի, իսկ Աւետիք Կարագուլեանը` բրոնզէ մեդալի: Հայաստանի Ամերիկեան համալսարանը ներկայացւել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսեանն արժանացել է արծաթէ մեդալի, իսկ Լեւոն Ստեփանեանը` բրոնզէ մեդալի: Հայաստանի Սլաւոնական համալսարանը ներկայացրել է մէկ մասնակից`  Հրաչեայ Քոչարեանը, ով արժանացել է բրոնզէ մեդալի:   

Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակիցերն արժանացել են 2 ոսկէ, 2 արծաթէ եւ 3 բրոնզէ մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախօս Կարէն Քեռեանը: